
175th Anniversary of AEC

Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով, պատերազմում եք Ավետարանի հավատի համար: Փիլիպպեցիներին 1.27
Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին 176 տարեկան է:
Իր կազմավորման օրից մինչ այսօր ՀԱԵ-ն մեծ կարևորություն է տվել իր կոչմանն ու առաքելությանը, որ է.
Քարոզել Քրիստոսի ավետարանի պատգամն աշխարհասփյուռ հայությանը և օգնել մարդկանց անձնապես ճանաչել, սիրել ու հնազանդվել Աստծուն:
Հայրենանվեր ու հայրենասիրական ծառայություն մատուցել հայ ժողովրդին իրենց գտնված վայրերում:
Նմանօրինակ ընթացքն արձանագրված ու փաստված է անցյալի պատմության էջերում:
ՀԱԵ-ի պատմության էջերը թերթելիս՝ գրեթե յու-րաքանչյուր հանգրվանում միշտ ակնդիր ենք լինում այդ օրերի մարտահրավերներին ու դրանք դիմագրավելու կոչերին:
176 տարի անց, ՀԱԵ-ն այսօր էլ դիմագրավում է բազմապիսի մարտահրավերների և քիչ չեն նաև այսօր հնչող կոչերը: Կախված աշխարհագրական դիրքից, երկրի տնտեսական և քաղաքական ներկա վիճակից՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիները միգուցե տարբերվում են իրենց առօրյա մարտահրավերներով, բայց դրանք ընդհանրացնող մեկ ուղղություն կա, որը բոլորիս համար այլևս գերխնդիր է: Այդ խնդիրը մեր անվանը և կոչմանը հավատարիմ մնալու և ապրելու մեջ է:
Իսկ մեր անունը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի է:
ՀԱԵ-ն այսօր «Հայաստանյայց» մնալու մարտահրավերն ունի:
Հայրենիքի սահմաններից ներս և դուրս, հայրենիքում և աշխարհով մեկ ցրված հայության մեջ, հային հայ պահելու, հայ լեզվամտածողությանը, մշակույթին ու ժառանգությանը տեր կանգնեցնելու դժվարության առջև ենք կանգնած: Անցյալում ձևավորված ավետարանական հարուստ ժառանգությունը հայ գիրն է՝ իր հոգևոր և հայրենասիրական հոդվածներով ու հրապարակումներով: Մտավորականությունն է՝ իր եկեղեցակենտրոն կյանքով, եկեղեցիներում ակտիվ ներկայությամբ ու գործունեությամբ: Կիրակնօրյա պաշ-տամունքն ու քրիստոնեական դաստիարակության բոլոր բնագավառներում ավետարանի պատգամը ուսուցանելն է: Եվ այս ամենի հետ միասին անհատի հայեցի, հոգևոր հոգեկերտումն է, որոնք ցավոք սրտի այսօր անժառանգ են մնում:
Որքան էլ որ ժամանակի մարտահրավերները մեզ առաջնորդում են ճկունության, որքան էլ որ հասանելի լինելու մեթոդները մեզ խրախուսում են ավելի լայն մտածողության, մենք երբեք չպետք է կորցնենք զգոնությունը՝ մեր առաքելության մեջ մեր անվանը հավատարիմ քայլելու, մնալու «Հայաստանյայց» հայրենիքում և դրա սահմաններից դուրս:
Այսօր որքանո՞վ ենք կարևորում մեր «Հայաստանյայց» լինելը և ի՞նչ ենք անում դրա համար:
ՀԱԵ-ն այսօր «Ավետարանական» մնալու մարտահրավերն ունի:
«Ավետարանական» անունն ուղղություն չէ, հարան-վանություն չէ, մեր ինքնությունը և ով լինելը վկայակոչող տերմին չէ, մնացյալ եկեղեցիներից մեր տարբերանշանը չէ:
«Ավետարանական» անունը մեզ ավետարանին է կապում, ավետարանի վրա է հենում: Մենք չենք հենվում գաղափարի, արժեհամակարգի, սկզբունքների վրա: Ավետարանն անձ է, ավետարանը նույն ինքը Քրիստոսն է՝ Իր ծնունդով, կյանքով, ուսուցումներով, նշաններով ու հրաշքներով, Իր փրկարար մահով, հարությամբ և համբարձմամբ:
«Ավետարանական» անունը մեզ կապում է Քրիստոսին, իսկ եկեղեցական բեմը դարձնում Քրիստոսի ավետարանի մատակարարման միակ հարթակը: Առանց Քրիստոսի և Իր ավետարանի քարոզչության և ուսուցման, առանց ապաշխարության և անձի անհատական հոգևոր փորձառության՝ աստվածճանաչողության, առանց քրիստոսակենտրոն առաքելության և անձի հոգևոր կերտմանն ու աճին նպաստող ծառայությունների, ավետարանական անունը կորցնում է իր ուղղությունը, զորությունն ու հենարանը:
Այսօր որքա՞ն հաճախ է քարոզվում Քրիստոսի ավետարանը մեր ավետարանական բեմերից:
ՀԱԵ-ն այսօր «Եկեղեցի» մնալու մարտահարվերն ունի:
Եկեղեցին մարդածին չէ, բայց կազմված է մարդկանցից, եկեղեցին մարդկանց հավաքականությունն է, բայց այդ հավաքն ինքնանպատակ չէ, այդ հավաքը մեզ եկեղեցի չի դարձնում, եթե այդ հավաքվածները կանչված չեն Աստծուց. կանչված աշխարհից դեպի Աստված, Իր Որդու փրկարար արյունով գնված, Սբ. Հոգու ներգործությամբ ամեն օր վերափոխվելու և կերտվելու Քրիստոսի հասակին և մտքին, վերադառնալու դեպի աշխարհ և դառնալու Աստծո դեսպանները, Իր Թագավորության համար ապրող, գործող անհատներ և հավաքականություն: Պողոսը հիշեցնում է մեզ մեր իրական քաղաքացիության և պատականելիության մասին Փիլ. 3.20-ում:
Եկեղեցին կանչված է «աշխարհի մեջ, բայց ոչ աշխարհից» սկզբունքով (Հովհ. 17.11,14): Եկեղեցին կանչված է լինել եկեղեցի իր գտնված վայրում՝ բարձր պահելով Աստծո Թագավորության սկզբունքները: Կանչված է ապրելու քաղաքի ու գյուղի մեջ և ներսից հետևելով հասարակական կյանքի անցուդարձին` Աստծո Խոսքի վրա հենված կեցվածք, դիրք ու կարծիք արտահայտել, բարձրաձայնել Աստծո սերը ատելության և անհանդուրժողականության նկատմամբ, Աստծո արդարարութունը՝ անարդարության և բարոյազուրկ դրսևորումների նկատմամբ, Աստծո խաղաղությունը՝ պատերազմների մեջ տառապող հասարակությունների, անխաղաղ ընտանիքներում ցավ քաշող մարդկանց նկատմամբ:
ՀԱԵ եկեղեցին այսօր թափուր բեմեր և հոգևոր կոչումի, ծառայության և գործի նկատմամբ անտարբերության մարտահրավերն ունի: Մշակների համար աղոթելը, մշակներ պատրաստելն ու այդ մշակներին ծառայության դաշտ ապահովելն այսօր արդեն իսկ մեծ խնդիր է: Եկեղեցին եկեղեցի է, երբ մնայուն պտուղներ է ունենում՝ Որթի վրա ամուր կառչած մնալով: Այսօր մեր հինգ ՀԱԵ միություններում այս թափուր բեմերը, հովիվների պակասը տեսնում ու զգում ենք: Այսօր լուրջ մարտահրավեր ունենք արժևորելու մեր ներկան և ապագայի տեսիլքով խոնարհվելու Աստծո առաջ ու ռազմավարական մոտեցում ցուցաբերելու մեր առջև ծառացած գեր խնդրին:
Այսօր, որպես եկեղեցի՝ ինչպե՞ս ենք արժևորում ինքներս մեզ, գնահատում մեր ներկան և ի՞նչ ենք անում ապագայի համար: