
Ավետարանչականի 103-րդ Տարեկան Ճաշկերույթը
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 103-րդ Տարեկան Ճաշկերույթը՝ Մեծ Տոնախմբություն
Ֆլորենս Աւագեան
Աճի եւ հսկայական նվաճումներով դար ապրելը բեկումնային իրադարձություն է, իսկ հարյուրամյա նշաձողը գերազանցելը՝ արդեն ուշագրավ հաղթանակ:
Հոկտեմբերի 22-ի երեկոյան Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կազմակերպեց իր 103-րդ տարեժողովի ճաշկերույթը, որին ներկա էին ավելի քան 225 հյուրեր աշխարհի բոլոր կողմերից:
«Հզորացնել Ավետարանչականի Համաշխարհային Առաքելությունը» բնաբանով բարեհաջող միջոցառմանը Ընկերակցությունը, որը որպես Հայ Ավետարանական եկեղեցիների միսիոներական թեւ, ծառայում եւ գործում է 24 երկրում, պատվեց իր գործակից Կանադայի, Ավստրալիայի եւ Ֆրանսիայի ընկերակցություններին:

ճաշկերույթի սեղանները զարդարված էին աշնանային ծաղիկներով, վերեւում՝ երկրագնդի մակետով, որոնք խորհրդանշորեն ներկայացնում էին աշխարհասփյուռ հայերի կրթությունը, եկեղեցիները, մարդասիրական եւ երիտասարդական ծրագրերը խթանող Ընկերակցությունը:
Ավետարանչականի երկարամյա անդամներ եւ գործուն ծառայողներ Վահրամ եւ Լուսիէն Այնիլեանները անգլերեն, հայերեն եւ ֆրանսերեն բարի գալուստ մաղթեցին ներկաներին. «Մենք կանգնած ենք մեր քաջարի ժողովրդի եւ հերոսական պատմության ուսերին»,- ասացին նրանք ներկաների բուռն ծափահարությունների ներքո:

Ավետարանչականի 103-րդ տարեկան ժողովը, որ տեղի ունեցավ Փարամուսի (Նյու Ջերսի) Հայ Երիցական եկեղեցում, բացվեց նույն եկեղեցու հովիվ վերապատվելի ՃոզէՖ Կարապետեանի աղոթքով, որին հաջորդեցին Ամերիկայի եւ Հայաստանի ազգային օրհներգերը՝ Անի Ճիրճիրեանի կատարմամբ:
Փոխանցելով Ավետարանչականի նախագահ Նազարէթ Տարագճեանի ուղերձը՝ Ավետարանչականի գործադիր տնօրեն Զաւէն Խանճեանը ներկաներին հիշեցրեց, որ «մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել Նյու Ջերսիում հինգ տարի առաջ՝ համաճարակի եւ այլ դժվարությունների պատճառով, որոնցով ազդված էին Ավետարանչականը, Հայաստանը, Արցախը, Լիբանանը եւ Սիրիան: Այս ընթացքում Ավետարանչականն օգնել է զոհված ու հաշմանդամ զինվորների ընտանիքներին՝ հոգեւոր եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերելով, ինչպես ժամանակին օգնել էր Հայաստանի երկրաշարժի հետեւանքով տուժածներին ու բազմաթիվ որբերին»:

Ավետարանչականը «միշտ պիտի օգնի եւ վերակառուցի: Եթե լինենք միասնական, միշտ կհասնենք հաջողության», -ասաց պրն Խանճեանը բուռն ծափահարությունների ներքո:
Հատուկ հյուրերի շարքում էին Հայոց Առաջնորդարանի Արեւելյան թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Սահակ Եմիշեանը, Թուֆենկյան հիմնադրամի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարեանը, ՄԱԿ-ի Հայաստանի դեսպան Մհեր Մարգարեանը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, որը հակիրճ անդրադարձավ Ավետարանչականի օրինակելի դերին Հայաստանի առաջընթացի գործում հատկապես անցնող չորս տարիներին:

Ներկա էին նաեւ հայ հանրային գործիչներ Յակոբ եւ Իքա Գույումճեանները, Թեքեյանի պաշտոնատար Յակոբ Վարդիվարեանը եւ վարչական Պարգեւ Գալայճեանը, AAHPO-նախագահ դոկտ. եւ տիկին Լորենս Նաճարեանները, անդամներ Շողակ Յովհաննէսեանի եւ Սեդա Նալպանտեանի հետ մեկտեղ, Նյու Ջերսիի «Հայկական Ռադիոյի ժամի» տնօրեն Վարդան եւ Ատրին Ապտօները՝ անդամներ Սեդա, Արեն եւ Տիրան Ճէպեճեանների հետ միասին, վերջինը նաեւ լուսանկարեց միջոցառումը:
Ճոխ ճաշկերույթից հետո Ավետարանչականի կանադական, ավստրալիական եւ ֆրանսիական գործընկերների ներկայացուցիչները հերթով բեմ բարձրացան՝ տեսանյութերով եւ իրենց ղեկավարների ելույթներով մանրամասնելով իրենց կազմակերպությունների աճն ու արժանիքները:
AMAA Կանադա (AMAC)
Կանադայի Ավետարանչականի նախկին նախագահ եւ այժմյան ատենապետ Միհրան Ճիզմեճեանը խոսեց Կանադայի Հայ Ավետարանչական Ընկերակցության ստեղծման մասին, երբ 1984-ին մի խումբ նվիրեալներ՝ ներառեալ վերապատվելիներ Աբրահամ Ճիզմեճեանը, Արտաշես Գերպապեանը, Հովհաննես Ակներեանը, Եսայի Սարմազեանը եւ Ժիրայր Պզտիկեանը, ինչպես նաեւ Ալիս Մարանճյանը, Սոնա Մաթոսեանը, դոկտ. Ճորճ Աճեմեանը, Անտոն Թորունեանը, Գարեգին Սաղըրեանը, Բաբկեն Թունթայեանը, Հակոբ Պասմաճեանը, Սուրեն Հաճեանը, Սարգիս Հանենեանը, Միհրան Ճիզմեճեանը, Անդիպաս Լուսարարեանը, Բյուզանդ Տանայեանը եւ Հակոբ Քահքեճեանը հիմնեցին այն։

Թորոնթոյի, Քեմբրիջի եւ Մոնրեալի երկու Հայ Ավետարանական եկեղեցիները Ավետարանչականի գործադիր տնօրեններ վերապատվելիներ դոկտ. Կիրակոս Չոփուրեանի եւ դոկտ. Մովսես Ճանպազեանի հետ երկարատեւ քննարկումներից հետո 1984-ին հիմնեցին Կանադայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը: Միհրան Ճիզմէճեանը իր տիկնոջ՝ Վարդուհու հետ 40 տարի ծառայեց որպես Կանադայի մասնաճյուղի նախագահ, ատենապետ եւ գործադիր տնօրեն։
Ավետարանչականի Կանադայի մասնաճյուղի շարունակական ծրագրերը ներառում են մանուկների հովանավորություն Հայաստանում, Արցախում ու Լիբանանում: Դրանք մասնավորապես ուղղվում են Այնճարի Հայ Ավետարանական դպրոցին (Լիբանան), Ասկերանի մանկապարտեզին (Արցախ) եւ Վանաձորի «Շող» կենտրոնին (Հայաստան):
AMAA Ավստրալիա
Ավետարանչականի վարչական խորհրդի եւ հանձնախմբերի անդամներ ՃոզեՖ եւ Ճոյս Սթայնները պատվեցին Ավետարանչականի Ավստրալիայի մասնաճյուղի նախագահ՝ վեր. դոկտ. Գրիգոր Յումշաճըգյանին եւ խոսեցին 1990-ականներին վերապատվելիի հետ իրենց առաջին հանդիպման մասին՝ Լիբանան եւ Սիրիա կատարած իրենց տարեկան այցելությունների ժամանակ: Այդ հանդիպումը եղել է Ճոյսի հոր՝ Ստեփան Փիլիպոսյանի հորդորով, որը «փափագում էր, որ տարիներ շարունակ իր աջակցած բազմաթիվ ծրագրերը իրականություն դառնան»։

Իրենց երախտագիտության խոսքում ՃոզեՖ եւ Ճոյս Սթայնները (Փիլիպոսյան) շարունակեցին. «Մենք այս երեկո այստեղ ենք, որպեսզի հարգենք վերապատվելի Յումշաճըգյանին եւ Տաթեւիկին՝ հանուն Ավստրալիայի հայ բնակչության եւ Ավետարանական եկեղեցու աճի իրենց ներդրման համար եւ շնորհակալություն հայտնելու իրենց քրիստոնեական առաջնորդության համար»։
Ավստրալիայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը ստեղծվել է 2001-ին՝ վեր. դոկտ. Մովսես Ճանպազեանի երկարամյա ջանքերով: Առաջին հիմնադիրների թվում էին Հովհաննես Սողոմոնեանը, Պարգեւ Իշխանեանը, Սեւակ Չելեպեանը, Լուսի Արոյեանը, Լենա Պոյմուշագեանը, Արփի Կիրակոսեանը եւ Ընկերակցության նախագահ վեր. դոկտ. Գրիգոր Յումշաճըգեանը։
Ավստրալիայի մասնաճյուղի ծրագրերում ներառված են ուսանողներին աջակցություն Հայաստանում, Արցախում ու Լիբանանում, անհետաձգելի օգնություն եւ դպրոցների վերանորոգում Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում եւ Արցախում, «Շող» կենտրոններ Հայաստանում եւ Արցախում, ամառային ճամբարներ, մարդասիրական եւ բժշկական նախաձեռնություններ, կրթաթոշակների օգնություն, հոգեւոր գրականություն, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում ստորգետնյա կացարան եւ աջակցություն Ավստրալիայի՝ բնական աղետներից տուժածներին:
«ՀՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» Ֆրանսիա
Ավետարանչականի Հայաստանի նախկին ներկայացուցիչ Յարութ Ներսէսսեանը թարգմանեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության նախագահ Սերժ Քիւրքճեանի ելույթը, որում պատմվում էր, թե Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Դանիել Սահակեանի նախաձեռնությամբ հիմնադրած «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը ինչպիսի հոգեւոր եւ նյութական օգնություն է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին:

«ՀՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» Ֆրանսիա
Ավետարանչականի Հայաստանի նախկին ներկայացուցիչ Յարութ Ներսէսսեանը թարգմանեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության նախագահ Սերժ Քիւրքճեանի ելույթը, որում պատմվում էր, թե Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Դանիել Սահակեանի նախաձեռնությամբ հիմնադրած «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը ինչպիսի հոգեւոր եւ նյութական օգնություն է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին:
«Հույս Հայաստանի համար» կազմակերպության առաջին նախագահը եղել է վերապատվելի Ռընե Լեւոնեանը, որին հաջորդել են Պօղոս Հալաճեանը, վերապատվելի Ժիլպեր Լեւոնեանը եւ Սերժ Քիւրքճեանը:
Կազմակերպությունը մեծ դեր է ունեցել՝ այդ մռայլ ժամանակներում Հայաստանին տրամադրելով սոցիալ-տնտեսական օգնություն՝ սնունդ, վառելիք, ինչպես նաեւ հոգեւոր աջակցություն:
Սերժ Քիւրքճեանը 26 տարի ծառայում է «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունում, որից 22 տարին՝ որպես նախագահ: Նա կազմակերպել է ուղեւորություններ դեպի Հայաստան եւ իրագործել բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր, ներառյալ ամառային ճամբարներ երեխաների ու տարեցների համար:
Ուրախ երեկոյին աշխուժություն փոխանցեց ֆրանսիական խոհանոցի խոհարարական վարպետության մասին հետեւյալ վկայությունը. «Մենք՝ ֆրանսիացիներս, սիրում ենք ուտել, եւ մենք՝ հայերս, նրանց ծանոթացրել ենք մեր սեփական ուտելիքներին՝ իհարկե գինիով, այս կերպ ցույց տալով մեր սերն Աստծո հանդեպ եւ մեր ստեղծագործական ճաշացանկը»:
Ավետարանչականի հետ «Հույս Հայաստանի համար» կազմակերպության վերջին ծրագրերն ընդգրկում են մանկական ցերեկային կենտրոնի բացումը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Քրիստոնեական կրթությամբ եւ ֆրանսերենի ուսուցմամբ Կենտրոնը Ավետարանչականի տրամադրած տարածքում կգործի 2023-ի սեպտեմբերից:
Ավետարանչականի կողմից կանադացի, ավստրալիացի եւ ֆրանսիացի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին իբրև հուշանվեր հանձնվեցին արվեստագետ Վազգեն Բրուտեանի գործերից, որոնցում ներդաշնակորեն օգտագործված են հատվածներ Գանձասարի դպրոցի ձեռագրերից, Գրիգոր Նարեկացու աղոթքներից, ինչպես նաեւ ճարտարապետական ու խաչքարային տարրեր:
Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչները Ավետարանչականի գործադիր տնօրենին նվիրեցին Հայաստանի որբերի պատրաստած «Հայր մեր»-ը՝ գեղեցիկ շրջանակով:
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐՏԱԿԱՐԳ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավէն Խանճեանն իր խոսքում նախ երախտագիտություն հայտնեց երեկոյի կազմակերպիչներին, մասնավորապես՝ Ավետարանչականի Փարամուսի, Գլենդեյլի, Երեւանի եւ Արցախի աշխատակիցներին ու աշխարհի տարբեր անկյուններից եկած բազմաթիվ հյուրերին, որոնք « բերել են սիրո, հոգատարության եւ ուշադրության ջերմ, գունեղ եւ անսահման ոգի՝ զորակցելով մեր առաքելությանն ու նպատակներին»։
Ընդգծելով ներկա դժվար ժամանակները, նա հուզված հայտարարեց. «Անցյալ 35 տարիներին ազատ ու անկախ Արցախի հեռանկարը երբեք այսքան մռայլ ու հեռավոր չի եղել։ Հայի կենդանի սերնդի պատմության մեջ երբեք Հայրենիքի մասին մտահոգությունն այսքան մեծ եւ լուրջ չի եղել»։
Պրն Խանճեանը պատմեց «սպառնալիքների, հարձակումների, հողերի գրավման, ռազմագերիների մահապատժի, ատելութեան հրահրման եւ խթանման մասին, որոնք բոլորը մնացել են անպատիժ։ Հայաստանը հեռու եւ մոտ ընկերներից միայն դատապարտության անատամ հայտարարություններ է ստացել։ Գոյատեւումի այս պայքարում մենք մեր ճակատագրի միակ երաշախավորն ենք»,- ընդգծեց բանախոսը եւ հույս հայտնեց. «մենք անցել ենք պատմության նման շրջաններ, կրել ենք ցավ եւ հարություն ենք առել։ Մեր տոկունությունն ու համառությունը միշտ էլ գերակշռել են։ Մեր Հայրենիքը մեր լուծն է, եւ մենք բոլորս պետք է պայքարենք՝ նրան աջակցելու, պահպանելու ու պաշտպանելու համար»։
ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԾԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Պրն Խանճեանը ներկաներին տեղեկացրեց, որ «առաջիկա մի քանի ամիսներին Արցախում կկառուցվի երկու նոր մանկապարտեզ, վեց տուն, իսկ Երեւանի Ավետիսյան դպրոցում՝ տեխնոլոգիական (Technology) կենտրոն: Մենք ձեռնամուխ ենք լինելու Հանքավանի ճամբարի վերակառուցմանը, Թուրքիայի Թուզլա քաղաքի հարություն առած Արմեն Ճամբարի, ինչպես նաեւ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ավետարանչական նոր կենտրոնի եւ կարիքավորների ճաշարանի գործունեությանը»։
«Մենք կառուցելու, կրթելու եւ Խոսքը տարածելու մեջ հաջողակ ենք։ Դրա՛նք են մեր զենքերը։ Եվ մենք կօգտագործենք այդ զենքերը»,-ասաց նա՝ բուռն ծափահարությունների ներքո։
Ճաշկերույթի սկզբում՝ ընդունելության ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանից ժամանած ջութակահար Տիանա Վասիլեանը, իսկ միջոցառման ընթացքում ներկաներին խանդավառեցին երգչուհի եւ դերասանուհի Անի Ճիրճիրեանն իր մի քանի բեմական ելույթներով եւ, իհարկե, պարուսույց Սեդա Փասքալեան-Գանթարճեանի գլխավորած «Շուշի» պարային խումբն՝ իր հեզաճկուն պարով ու գեղեցիկ զգեստներով։
Նշանակալից երեկոն ավարտվեց Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահի պաշտոնակատար եւ Բեյրութի Հայկազյան Համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեանի օրհնության աղոթքով։
Ավետարանչականի 103-րդ տարեժողովի Ճաշկերույթի հանձնաժողովի անդամներն էին համանախագահներ Վահրամ եւ Լուսիէն Այնիլեանները, ՌաՖՖի եւ Լորի Այնիլեանները, Վ. Ճ. եւ Սիմոնէ Այնիլեանները, Հրակ եւ Թալին Չալեանները, Այտա Կէյիքեանը, Շանթ եւ Նայիրի Կէյիքեանները, Պերճուհի Պարսումեան Կիւլէսէրեանը, Նուրհան եւ Սելեսդ Հելվաճեանները, Վիքի Շողակ Յովհաննէսեանը, Զաւէն եւ Սօնա Խանճեանները, Գրիգոր եւ Թամար Գրիգորեանները, Քրիստին Քութլուն, Սեդա Նալպանտեանը, Մակտա Փուլոսը, Նէնսի Ռիվերան, ՃէնիՖըր ԹէլՖէյեան ԼաՌոն, Մարի Վիտուսիչը եւ Քէթի Ոսկեանը։
Ավետարանչականը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան Ընկերակցության 103-րդ տարեժողովի Ճաշկերույթի հաջողության մեջ:
(Արևելահայերենի թարգմանություն՝ Անդրանիկ Մարդոյան)