Սահմանամերձ Գիւղեր – Հայաստան եւ Արցախ

 Գացէ՛ք ամբողջ աշխարհը, ու քարոզեցէ՛ք աւետարանը բոլոր արարածներուն: Մարկոս 16. 15

Ինչպէ՞ս կը  բնորոշէք սահմանները: Արդեօ՞ք սահմանները նախանշուած տարածքի սկիզբն են, թէ՞ վերջը: AMAA News-ի վերջին թողարկումը նուիրուած է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գիւղերուն: Գիւղերը բնական միջավայրեր են։ Այնտեղ մարդիկ  կ՛ապրին։ Երբ մենք կը խօսինք սահմանամերձ գիւղի մասին, մենք կը խօսինք համայնքներու, անձերու, մարդ արարածներու մասին՝ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, էակներ, որոնք  ծնած են իրենց Ստեղծողի պատկերով: Ուստի, խօսքը կեանքի մասին է՝ համեմատաբար պարզունակ, բայց միեւնոյն ժամանակ մաքուր, ազնիւ եւ անմեղ:

1988-ի երկրաշարժէն յետոյ AMAA-ի` hայրենիքի մէջ իր ներկայութեան արշալոյսէն ի վեր, եւ աւելի քան 33 տարի անց, մեր առաքելութիւնը մեծապէս աճած եւ ընդլայնացած է դեպի քաղաքներ եւ շրջաններ, բլուրներ եւ հովիտներ՝ ամբողջ Հայաստանի եւ Արցախի տարածքին. АМАА-ն յուզեր է մարդոց, հպուեր է անոնց կեանքին, փոխեր է ճակատագրեր եւ ուղղութիւններ, ուշադրութեան արժանացուցեր է նուիրեալներուն ու գրկաբաց ընդուներ երազողները, օգներ է երազանքներու իրականացման: Առաքելութիւնը բարգաւաճեր է ինչպէս քաղաքի մէջ, այնպէս ալ զայն շրջապատող համայնքներուն մէջ՝  գործառնական իր շրջանակներու հետեւեալ ոլորտներուն մէջ․

  • Քարոզել Աստծոյ Խօսքը,
  • Կրթել երիտասարդները եւ մեծահասակները,
  • Պաշտպանել եւ բարձրացնել արժէքները,
  • Ձեռք մեկնել որբին եւ այրիին:

Պատմականօրէն՝ AMAA-ի առաջին հանդիպումը սահմանամերձ գիւղի հետ եղեր է ընդամէնը տասը տարի առաջ, բայց կեդրոնացումը սահմանային  կեանքի վրայ աճեցաւ 2020-ին․ Արցախեան պատերազմէն անմիջապէս յետոյ. յարձակումը տան շէմքին էր։ Ոտնձգութիւնը ստեղծած էր անհանգստութիւն, վախ ու խաւար։ Կար անսասան դիմադրութեան, հողին վրայ ամուր կանգնելու, թեւ ու թիկունք դառնալու, յոյսի, սիրոյ եւ ծառայութեան հեղեղի յուսահատ կարիք:

AMAA-ն ականջալուր եղաւ այդ կոչին եւ այնտեղ էր՝ ուշադրութիւն դարձնելու, տեսնելու եւ լսելու, ողջագուրուելու եւ  սէրն ու կարեկցանքը վերահաստատելու համար:

Ահա մեր խոստումները սահմանամերձ գիւղերուն.

  • Մենք պիտի տառապինք եւ բարգաւաճինք ձեզի հետ
  • Մենք կու գանք եւ մթութեան մէջ միասին լոյս կը վառենք
  • Մենք ձեզմէ կը սորվինք եւ միասին կը պահենք մեր մաքրամաքուր արժէքները, անբիծ հաւատքն ու անարատ մշակոյթը:

Այսպիսով, սահմանները տարածութեան սկի՞զբն են, թէ՞ վերջը:

«Ճրագը կը դնեն աշտանակի վրայ, որ լուսաւորէ բոլոր տան մէջ եղողները»: Մատթէոս 5։15

Սահմանամերձ գիւղերը մեր փարոսներն են։ Հայաստանի սահմաններուն վերջը «ամբողջ աշխարհի» սկիզբն է։

Կը Խնդրենք միանալ АМАА-ին, որպէսզի լոյսը վառ մնայ՝ սահմանէն այն կողմ: Հզօրացուցէ՛ք սահմանամերձ ընտանիքը:

Շնորհակալ եմ աջակցութեան համար:

Զաւէն Խանճեան, АМАА-ի Գործադիր Տնօրէն
Փետրուար 17, 2022, Բըրէմըս, Նիու Ճըրզի

Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարանը քարոզե՛ք։ Մարկոս 16. 15

Ինչպե՞ս եք բնորոշում սահմանները: Արդյո՞ք սահմանները նախանշված տարածքի սկիզբն են, թե՞ վերջը: AMAA News-ի վերջին թողարկումը նվիրված է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերին: Գյուղերը բնական միջավայրեր են։ Այնտեղ մարդիկ են ապրում։ Երբ մենք խոսում ենք սահմանամերձ գյուղի մասին, մենք խոսում ենք համայնքների, անձանց, մարդ արարածների մասին՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, էակներ, ովքեր ծնվել են իրենց ստեղծողի պատկերով: Ուստի, խոսքը կյանքի մասին է՝ համեմատաբար պարզունակ, բայց միևնույն ժամանակ մաքուր, ազնիվ և անմեղ:

1988-ի երկրաշարժից հետո AMAA-ի` hայրենիքում ներկայության արշալույսից ի վեր, և ավելի քան 33 տարի անց, մեր առաքելությունը մեծապես աճել և ընդլայնվել է դեպի քաղաքներ և շրջաններ, բլուրներ և հովիտներ՝ Հայաստանով և Արցախով մեկ. АМАА-ն հուզել է մարդկանց, հպվել նրանց կյանքին, փոխել է ճակատագրեր և ուղղություններ, ուշադրության արժանացրել նվիրյալներին ու գրկաբաց ընդունել երազողներին, օգնել երազանքների իրականացմանը: Առաքելությունը բարգավաճել է ինչպես քաղաքում, այնպես էլ այն շրջապատող համայնքներում՝  գործառնական իր շրջանակների հետևյալ ոլորտներում․

▪ Քարոզել Աստծո Խոսքը,

▪ Կրթել երիտասարդներին և մեծահասակներին,

▪ Պաշտպանել և բարձրացնել արժեքները,

▪ Ձեռք մեկնել որբին և այրուն:

Պատմականորեն՝ AMAA-ի առաջին հանդիպումը սահմանամերձ գյուղի հետ եղել է ընդամենը տասը տարի առաջ, բայց կենտրոնացումը սահմանային  կյանքի վրա աճեց 2020թ․ Արցախյան պատերազմից անմիջապես հետո. հարձակումը տան շեմքին էր։ Ոտնձգությունը ստեղծել էր անհանգստություն, վախ ու խավար։ Կար անսասան դիմադրության, հողին ամուր կանգնելու, թև ու թիկունք դառնալու, հույսի, սիրո և ծառայության հեղեղի հուսահատ կարիք:

AMAA-ն ականջալուր եղավ այդ կոչին և այնտեղ էր՝ ուշադրություն դարձնելու, տեսնելու և լսելու, ողջագուրվելու և  սերն ու կարեկցանքը վերահաստատելու համար:

Ահա մեր խոստումները սահմանամերձ գյուղերին.

▪ Մենք տառապելու և բարգավաճելու ենք ձեզ հետ

▪ Մենք կգանք և մթության մեջ միասին լույս կվառենք

▪ Մենք ձեզնից կսովորենք և միասին կպահենք մեր մաքրամաքուր արժեքները, անբիծ հավատն ու անարատ մշակույթը:

Այսպիսով, սահմանները տարածության սկի՞զբն են, թե՞ վերջը:

«Ճրագը դնում են աշտանակի վրա, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են»: Մատթեոս 5. 15

Սահմանամերձ գյուղերը մեր փարոսներն են։ Հայաստանի սահմանների վերջը «ամբողջ աշխարհի» սկիզբն է։

Խնդրում ենք միանալ АМАА-ին, որպեսզի լույսը վառ մնա՝ սահմանից այն կողմ: Հզորացրե՛ք սահմանամերձ ընտանիքին:

Շնորհակալ եմ աջակցության համար:

Զավեն Խանջյան, АМАА-ի գործադիր տնօրեն
Փետրովար 17, 2022, Բըրէմըս, Նիու Ճըրզի