
Տօնելու Շատ Բան Կայ, Սակայն…
Տօնելու շատ բան կայ: ԱՀԱԸ-ի առաքելութեան շատ գնահատելի ձեռքբերումներու ժամանակաշրջան մըն է: Կեանքը նշելու ժամանակաշրջան մըն է:
ԱՀԱԸ-ի 2023-ի փորձնակները (Interns) մեծ խանդավառութիւն ապրեցան հայրենիքի մէջ եւ իրենց առաքելութեան ընթացքին:
2023 ԱՀԱԸ-ի բժշկական առաքելութիւնը կրկին ցոյց տուաւ Աստուծոյ անսահման սէրը կարիքի մէջ գտնուողներու հանդէպ:
Արցախի մանկապարտէզները շրջափակման տանջանքէն պաշտպանուած, ուրախութիւն եւ երջանկութիւն ճառագայթող երեխաներու հետ կատարեցին իրենց տարեկան աւարտական հանդէսները:
«Շող» կեդրոնները, ամբողջ տարին կը պատսպարեն փլուզուած ընտանիքներու երեխաները, զանոնք կը գրկեն սիրով, հոգատարութեամբ, ուշադրութեամբ եւ ուսում կը ջամբեն տարբեր ոլորտներու մէջ:
Սուրիոյ, Լիբանանի, Հայաստանի եւ Միացեալ Նահանգներու դպրոցները աւարտական հանդիսութիւններ ունեցան եւ ակնառու յաջողութիւններ արձանագրեցին: Հայկազեան Համալսարանն ալ հրաժեշտ տուաւ աւելի քան 130 շրջանաւարտներու, զիրենք դէպի կեանք առաջնորդեց գիտելիքներով զինուած, «Ճշմարտութեան, Ազատութեան եւ Ծառայութեան» ջահերը կրելով:
Եկեղեցիներու Ամառնային Սուրբ Գրոց վարժարանները արձանագրեցին մեծ թիւով մասնակիցներ, ովքեր կը դաստիարակուին «Կրթէ մանուկը իր ճամբան սկսած ատենը, որպէսզի իր ծերութեան ատենն անկէ չխոտորի:»
Մերձաւոր Արեւելքի, Հայաստանի, Արցախի, Եւրոպայի եւ Ամերիկաներու մէջ համագումարներու եւ քէմբերու մասնակիցները վայելեցին բնութեան հրաշքները, սորվեցան Աստուծոյ խօսքը եւ սկիզբ դրին ինքնախոկումի խորհուրդին:
Քալիֆորնիա նահանգի, Լոս Անճելոսի Միացեալ Հայ Աւետարանական Եկեղեցիի Աւագ Հովիւ Վեր. Յարութ Խաչատրեանը, ներկայիս Տէրոջ ձեռքին մէջ է, եւ ապաքինման շրջան մը կ’անցնէ իր տան մէջ:
Տօնելու շատ բան կայ: Կեանքի մէջ այնքան շատ բան կայ Արարչին երախտապարտ ըլլալու համար:
Սակայն, այսօր հայկական եւ մարդկային հորիզոնի վրայ մռայլ տրամադրութիւն մը կը ծածանի, Արցախի շրջափակման պատճառով, որ կը թեւակոխէ իր իններորդ ամիսը…..նոյնը կը կրկնուի Ցեղասպանութենէն մէկ դար անց, պայծառ լոյսի ներքոյ, այս անգամ միջազգային աչալուրջ ականատեսներու առաջ:
«Լեռնային Ղարաբաղ, որ նաեւ յայտնի է որպէս Արցախ, կը շարունակուի ցեղասպանութիւնը 120,000 հայերու նկատմամբ», – ըսաւ Արդարադատութեան Միջազգային Դատարանի առաջին դատախազ Լուի Մորենօ Օքամպոն, ով ամփոփեց 7 Օգոստոսի 2023-ի իր փորձագիտական եզրակացութիւնը՝ ըսելով.-«Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ (ցեղային) հայերու սովամահութիւնը կը ներկայացնէ ցեղասպանութեան նախատիպը՝ կեանքի պայմաններու պարտադրման միջոցով, որոնք նախատեսուած են խումբի ոչնչացման համար»:
Ինը ամիսներու ընթացքին շարք մը արժանապատիւ ձայներ, ինչպէս՝ Արդարադատութեան Միջազգային Դատարանի ձայները, բարձրացան ամբողջ աշխարհի մէջ: Չորեքշաբթի, 16 Օգոստոսին, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետութեան խնդրանքով հրաւիրեց արտակարգ նիստ՝ քննարկելու «Ատրպէյճանի կողմէ Արցախի ամբողջական շրջափակումը եւ Լաչինի երկայնքով մարդոց, մեքենաներու եւ բեռներու անարգել տեղաշարժը։ Միջանցք երկու ուղղութիւններով»՝ Արդարադատութեան Միջազգային Դատարանի կողմէ 22 փետրուար 2023-ին հրամանը։
Վստահելով Աստուծոյ եւ հետեւելով Անոր Խօսքին՝ ԱՀԱԸ-ն 16 Օգոստոս 2023-ը հռչակեց Աղօթքի եւ Պահքի օր Արցախի համար։ Պատասխանելով Իր աշակերտներուն Յիսուս ըսաւ. «Սակայն այս տեսակը ուրիշ բանով չելլեր, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ» Մատթէոս 17.20: Այս այն ճանապարհն է, որ մենք ընտրեցինք՝ աջակցելու համար մեր եղբայրներուն, քոյրերուն եւ արցախցի զաւակներուն եւ անոնց վիշտը հասցնելու Ամենակարող Տէրոջ։
Մինչ մեր հարազատները սովամահ են Արցախի մէջ, եւ մենք կ’աղօթենք եւ ծոմ կը պահենք անոնց համար, թող բիւրեղի նման ջինջ ըլլայ պատմութեան եւ մարդկութեան համար, որ որեւէ որոշում որ պիտի առնուի 16 Օգոստոսին, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի կողմէ, պիտի ըլլայ կա՜մ արդար հատուցում կա՜մ նշաւակէ միջազգային ընտանիքը եւ անոր անդամ երկիրները:
Ընտրութիւնը իրենցն է, եւ Աստուած կը հետեւի:
ԱՀԱԸ-ն կը շարունակէ կեանք սերմանել մեր պապենական Հայրենիքի, ներառեալ հերոսական Արցախի առջև ծառացած մութ հորիզոնի երեսին:
Սան Ֆրանսիսքօ
Օգոստոս 15, 2023
Տոնելու շատ բան կա: ԱՀԱԸ առաքելության շատ գնահատելի ձեռքբերումների ժամանակաշրջանն է: Կյանքը նշելու ժամանակաշրջան է:
ԱՀԱԸ 2023 թ. պրակտիկանտներն իրենց առաքելության ընթացքում մեծ խանդավառություն ապրեցին հայրենիքում:
2023-ին Ավետարանչականի բժշկական առաքելությունը կարիքավորների հանդեպ կրկին ցույց տվեց Աստծո անսահման սերը:
Արցախի մանկապարտեզները, շրջափակման տանջանքից պաշտպանված, ուրախություն եւ երջանկություն ճառագայթող երեխաների հետ կատարեցին իրենց ավարտական հանդեսները:
«Շող» կենտրոններն ամբողջ տարին սիրով, հոգատարությամբ եւ մեծագույն ուշադրությամբ պատսպարում են փլուզված ընտանիքների երեխաներին՝ առաջնորդելով նրանց ուսման տարբեր ոլորտների մեջ:
Սիրիայի Լիբանանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների դպրոցներն ավարտական հանդիսություններ ունեցան եւ ակնառու հաջողություններ արձանագրեցին: Հայկազյան համալսարանն էլ հրաժեշտ տվեց ավելի քան 130 շրջանավարտների, որոնք, զինված առաջնակարգ գիտելիքներով, նոր կյանք կմտնեն «Ճշմարտության, Ազատության եւ Ծառայության» ջահերը կրելով:
Եկեղեցիների Ամառային Սուրբ Գրոց վարժարաններն արձանագրեցին մեծ թվով մասնակիցներ, որոնք դաստիարակվում են «Կրթի՛ր մանուկին այն ճանապարհով, որ պետք է գնա, եւ ծերության ժամանակ չի խոտորի դրանից:» Առակներ 22.6:
Մերձավոր Արեւելքի, Հայաստանի, Արցախի, Եվրոպայի եւ Ամերիկաների մեջ համագումարների եւ ճամբարների մասնակիցները վայելեցին բնության հրաշքները, սովորեցին Աստծու խոսքն ու սկիզբ դրեցին ինքնախոկումի խորհրդին:
Կալիֆոռնիա նահանգի, Լոս Անջելեսի Միացյալ հայ ավետարանական եկեղեցու ավագ հոգեւոր հովիվ վեր. Հարութ Խաչատրյանն այժմ Տիրոջ ձեռքերի մեջ է եւ ապաքինման շրջան է անցնում իր տանը:
Տոնելու շատ բան կա: Կյանքում այնքա՛ն շատ բան կա Արարչին երախտապարտ լինելու համար:
Սակայն այսօր հայկական եւ մարդկային հորիզոնի վրա մռայլ տրամադրությունն է ծածանվում Արցախի շրջափակման պատճառով, որ թեւակոխում է իններորդ ամիսը… նույնը կրկնվում Ցեղասպանությունից մէկ դար անց, պայծառ լույսի ներքո, այս անգամ միջազգային աչալուրջ ականատեսների առաջ:
«Լեռնային Ղարաբաղում, որ հայտնի է նաեւ որպես Արցախ, շարունակվում ցեղասպանությունը 120,000 հայերի նկատմամբ»,- ասաց Արդարադատության Միջազգային Դատարանի առաջին դատախազ Լուի Մորենո Օքամպոն, որն ամփոփեց 2023-ի օգոստոսի 7-ի իր փորձագիտական եզրակացությունը՝ ասելով. «Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ (ցեղային) հայերի սովամահությունը ներկայացնում է ցեղասպանության նախատիպը՝ կենսապայմանների պարտադրման միջոցով, որոնք նախատեսված են հավաքականության ոչնչացման համար»:
Ինը ամիսների ընթացքում մի շարք արժանապատիվ ձայներ, ինչպես՝ Արդարադատության Միջազգային Դատարանի, բարձրացան ամբողջ աշխարհում: Չորեքշաբթի, օգոստոսի 16-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով հրավիրեց արտակարգ նիստ՝ քննարկելու «Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը եւ Լաչինի երկայնքով մարդկանց, մեքենաների եւ բեռների անարգել տեղաշարժը։ Միջանցք երկու ուղղություններով»՝ Արդարադատության Միջազգային Դատարանի կողմից 22 փետրվար 2023-ի հրամանը։
Վստահելով Աստծուն եւ հետեւելով Նրա խոսքին՝ ԱՀԱԸ-ն 2023-ի օգոստոսի 16-ը հռչակեց աղոթքի եւ պահքի օր Արցախի համար։ Պատասխանելով Իր աշակերտներին Հիսուսն ասաց. «Սակայն այս տեսակը միայն ծոմապահությամբ եւ աղոթքով կարելի է հանել» Մատթեոս 17.20: Այս այն ճանապարհն է, որ մենք ընտրեցինք՝ աջակցելու համար մեր եղբայրներին, քույրերին, արցախցի զավակներին եւ նրանց վիշտը հասցնելու Ամենակարող Տիրոջը։
Մինչ մեր հարազատները սովամահ են լինում Արցախում, եւ մենք աղոթում ու ծոմ ենք պահում նրանց համար, թող բյուրեղի նման պարզ լինի պատմության եւ մարդկության համար, որ ցանկացած որոշում, որ կկայացվի օգոստոսի 16-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, պետք է լինի կա՛մ արդար հատուցում, կա՛մ ամոթանք միջազգային ընտանիքին եւ նրա անդամ երկրներին:
Ընտրությունն իրենցն է: Աստված հետեւում է:
ԱՀԱԸ-ն շարունակում է կյանք սերմանել մեր պապենական Հայրենիքի, ներառյալ հերոսական Արցախի առջեւ ծառացած մութ հորիզոնի երեսին:
Սան Ֆրանցիսկո
15 օգոստոս, 2023 թ.