Աւետարանչականի Համաշխարհային Առաքելութիւնը

Ամէն բանէ առաջ՝ ջերմեռա՛նդ սէր ունեցէք իրարու հանդէպ. Որովհետեւ սէրը կը ծածկէ մեղքերու բազմութիւնը։ Հիւրասէ՛ր եղէք իրարու հանդէպ՝ առանց տրտնջելու։

Ա. Պետրոս 4. 8-9

Զաւէն Խանճեան, Աւետարանչականի Գործադիր Տնօրէն

Նախորդ քանի մը դարերու յաջորդական արդիւնաբերական յեղափոխութիւնները ազդած են այս մոլորակի կեանքին վրայ այնպիսի տարողութեամբ, որոնք անհամեմատելի են յաւերժական ժամանակին հետ, կեանքի ծննդոցէն իվեր: Մեր ապրելու, վարքագծի, յարաբերութիւններու եւ աշխատաձեւի այս զարմանահրաշ փոխակերպումը անգամ մը եւս յեղաղրջեցաւ տեխնիքական կամ վերջին քանի մը տասնամեակներու չորրորդ արդիւնաբերական յեղափոխութեամբ։ Այնքան, որ դժուար է պատկերացնել, թէ ինչ պիտի բերէ ոչ այնքան հեռաւոր ապագան։

Բայց այն ինչ, որ կը տեսնեն եւ կ’ապրին սովորական քաղաքացիներ սահամանափակ է ու շատ բան կայ, որ դուրս է մեր գիտելիքներէն եւ երեւակայութենէն։ Անոր մէկ մասը բարի է, որ օր մը կեղեքիչ արժէքով եւ արծաթէ ափսէներով պիտի հրամցուի սպառող հասարակութեան։ Սարսափեցնողը այն տեխնիքական յեղափոխութիւնն է, որ քանդիչ զէն կ’արտադրէ եւ կ’ամբարէ ազգերու կողմէ, «պաշտպանութիւն» կախարդական բառի չարաշահումի պիտակին ներքեւ։ Նոյնիսկ տիեզերքը կը զինեն՝ տիրելու Աստուծոյ կողմէ ստեղծուած այս գեղեցիկ հրաշք մոլորակին վրայ։ Կը տեսնէք, «ինքնապաշտպանութիւնը» գրաւիչ է, բայց իւրաքանչիւր «ինքնապաշտպանութիւն» դիմացինի կողմէ ըմբռնուած թշնամութիւն է, որ այդ ամէնը կը դարձնէ յարձակողական։ Այս բոլորը երբ աղքատութիւնն ու անօթութիւնը, հիւանդութիւնն ու անարդարութիւնը տակաւին կը տիրեն աշխարհի վրայ։

Վերոյիշեալ միտքերու յորձանուտը մոլորակի իրավիճակի բնական հետեւանքն են, զոր մենք կ’ապրինք այսօր։ Ուքրանիայէն եւ Ռուսատանէն, Եւրոպայէն եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, Հայաստանէն, Ատրպէյճանէն եւ Արցախէն։ Եւ ե՞րբ Մերձաւոր Արեւելքը դուրս մնացած է ճգնաժամամերու հարթակէն։

Ո՞ւր կանգնած ենք մենք տիեզերական տառապանքի այս շփոթութեան մէջ։

Անհաւատալի աջակցութիւնը եւ աղօթքներու ալիքը, զոր վերջերս ստացայ վիրահատութենէս ետք, յորդառատ էր։ Արձագանքը լայնատարած էր, ու կու գար աշխարհի բոլոր անկիւններէն։ Ես իսկապէս պարտաւորուած կը զգամ արտայայտուած անխառն սիրով եւ բարեմաղթանքներով, բայց ամենաշատը աղօթքներով, որոնք բարձրացած էին դէպի գերագոյն բուժիչին։

ԱՆոնք ինծի չեն պատկանիր, այլ կը ցոլացնեն Աւետարանչականի բարի անունն ու համբաւը, մինչ ան կ’ընդլայնէ իր ծառայութիւնները երկրագունդի շուրջ։ Այս երկիրներու ցանկի վերջինն է Ուքրանիան ու անոր Հայ համայնքը, որոնք ապաստան գտած են Արեւելեան Եւրոպայի մէջ կամ վերադարձած Հայաստան։

AMAA News-ի ներկայ թիւը նուիրուած է մեր առաքելութեան գործընկերներուն՝ Գանատայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան եւ Աւստրալիոյ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան։ Մինչ Աւետարանչականի համաշխարհային ծառայութիւնները կ’ընդայնուին եւ կը տարածուին, այստեղ ներկայացուած պատմութիւնները գեղեցիկ կերպով կը պատմեն մեր Ընկերակցութեան այս երկու գործընկերներու շինիչ դերին մասին, որոնք երկար ժամանակէ իվեր կրած են առաքելութեան անմնացորդ եւ անսասան աջակցութեան պսակը:

Մինչ հսկաները զբաղած են «պաշտպանութիւն» կառուցելով, տիեզերքը զինելով եւ մթության մէջ դաւադրելով, Աւետարանչականը երկրագունդի շուրջ կը կառուցէ, կը կրթէ, ապաստան կու տայ, կը կերակրէ եւ կը հագեցնէ։ Պէյրութէն՝ Պրուքսէլ, Հալէպէն՝ Ասկերան, Ստեփանակերտէն՝ ՍոՖիա, ձեռք ձեռքի տուած Սիտնիի, Մոնթրէալի եւ Թորոնթոյի հետ։

Ջերմերանդ սէրը առաքելութեան առանցքն է՝ Աւետարանչականի Համաշխարհային առաքելութիւնը:

Շնորհակալ եմ ձեր աջակցութեան համար։

Մայիս 15, 2022
Կլէնտէյլ, Գալիֆորնիա


Աւետարանչականի Համաշխարհային Առաքելությունը

Ամենից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը: Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու:

Ա.Պետ. 4. 8-9

Զավեն Խանջյան, Աւետարանչականի Գործադիր Տնորէն

Նախորդ մի քանի դարերի գիտատեխնիկական առաջընթացն ու արդյունաբերական հեղաշրջումներն այնպիսի ազդեցություն են թողել մեր մոլորակի վրա, որն անհամեմատելի է հավերժական ժամանակի հետ՝ կյանքի ծնունդից ի վեր: Մեր ապրելու, վարքագծի, հարաբերությունների և աշխատաոճի այս զարմանահրաշ փոխակերպումները վերջին մի քանի տասնամյակներում այնպիսի արագությամբ են ընթանում, որ դժվար է պատկերացնել, թե ինչ է բերելու ոչ այնքան հեռավոր ապագան:

Իհարկե, սովորական քաղաքացիների տեսածն ու ապրածը խիստ սահմանափակ է, և շատ բան դուրս է մեր իմացությունից ու երևակայությունից: Այդ փոփոխությունների մի մասը բարի է, որն իր արժեքով արծաթե սկուտեղի վրա հրամցվում է սպառող հասարակությանը: Սարսափեցնողն այն է, որ տեխնիկական նվաճումները կիրառվում են ավերիչ զենք արտադրելու և կուտակելու համար՝ «պաշտպանություն» կախարդական բառի շահարկումով:

Նույնիսկ տիեզերքն են զինում՝ տիրելու համար Աստծո ստեղծած այս հրաշք մոլորակին: Գրավիչ բան է «ինքնապաշտպանություն» ասվածը, սակայն յուրաքանչյուր ինքնապաշտպանություն դիմացինի կողմից ընկալվում է որպես թշնամություն և հարձակողական նախապատրաստություն: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ աղքատությունն ու սովը, հիվանդությունն ու անարդարությունը մոլեգնում են աշխարհում:

Մտքերի այս հորձանքը մոլորակի մարդկության այսօրվա վիճակի բնական հետևանքն է. Ուկրաինա և Ռուսաստան, Եվրոպա և ԱՄՆ, Հայաստան, Արցախ ու Ադրբեջան: Իսկ Մերձավոր Արևելքը միշտ է եղել այդպիսի ճգնաժամերի հարթակ:

Տիեզերական տառապանքի այս շփոթմունքի մեջ որտե՞ղ ենք կանգնած:

Վերջերս վիրահատությունից հետո անհավանական աջակցություն և աղոթքների վիթխարի ալիք ստացա: Արձագանք էի ստանում աշխարհի բոլոր անկյուններից: Ես իսկապես պարտավորված եմ զգում ինչպես անխառն սիրով ու բարեմաղթանքներով արտահայտված զգացմունքներրի, այնպես էլ աղոթքների համար, որոնք ուղղված էին Գերագույն Բուժողին:

Ճիշտ է, դրանք անձամբ ինձ են ուղղված, բայց  իրականում ինձ չեն պատկանում, այլ արտացոլում են Ավետարանչականի բարի անունն ու համբավը, երբ նա ընդլայնում է իր ծառայությունները երկրագնդի շուրջ։ Այդ երկրների ցանկում վերջինը Ուկրաինան է, որի հայ համայնքի անդամները հայտնի դեպքերի պատճառով ապաստանել են Արևելյան Եվրոպայում կամ վերադարձել են Հայաստան։

AMAA News-ի ներկա համարը նվիրված է մեր առաքելության գործընկերներին՝ Հայ Ավետարանչական ընկերակցության Կանադայի և Ավստրալիայի մասնաճյուղերին. բերված պատմությունները պերճախոս կերպով ներկայացնում են մեր այս երկու գործընկերների կառուցողական դերը: Նրանք տևական ժամանակ է, ինչ կրում են առաքելության անմնացորդ և անսասան աջակցության պսակը:

Մինչ աշխարհի հսկաները զբաղված են «պաշտպանության» քողի ներքո տիեզերքը զինելով ու դավադրություններ նյութելով, Ավետարանչականը երկրագնդի տարբեր կետերում կառուցում է, կրթում, ապաստան տալիս, կերակրում ու հագցնում: Ձեռք ձեռքի տված Սիդնեյի, Մոնրեալի ու Տորոնտոյի հետ՝ նա հասնում է Բեյրութից Բրյուսել, Հալեպից Ասկերան, Ստեփանակերտից Սոֆիա:

Ավետարանչականի համաշխարհային առաքելության առանցքը ջերմեռանդ սերն է:

Շնորհակալ եմ ձեր աջակցության համար:

Մայիս 15, 2022 թ.
Գլենդեյլ, Կալիֆոռնիա

  Add impact to your inbox. Join our mailing list and see our work in action: Sign Up